Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և վեց բարձրաստիճան հոգևորականների փաստաբանական թիմը պահանջել է անհապաղ դադարեցնել նրանց նկատմամբ քրեական հետապնդումը՝ այն կապելով Հայ Առաքելական Եկեղեցու ինքնավարության նկատմամբ ավելի լայն ճնշումների հետ։

Փաստաբան Արա Զոհրաբյանի հրապարակած հայտարարության համաձայն՝ քրեական գործով դատական նիստը կրկին հետաձգվել է, մինչդեռ Գարեգին Բ-ին շարունակում է արգելված մնալ Հայաստանից դուրս գալը։

«Պահանջում ենք անհապաղ դադարեցնել այս քրեական հետապնդումը և վերացնել Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ երկրից դուրս գալու արգելքը՝ հնարավորություն տալով նրան այցելելու աշխարհասփյուռ իր համայնքներին և լիարժեք կատարելու իր հովվապետական պարտականությունները», — ասվում է հայտարարությունում։

Փաստաբանական թիմի համաձայն՝ գործը վերաբերում է Կաթողիկոսի կողմից եպիսկոպոսին կարգալույծ հռչակելու որոշմանը, որը, ըստ նրանց, գտնվում է նրա բացառիկ կանոնական լիազորությունների շրջանակում։ Դատախազությունը այդ գործողությունը որակել է որպես քաղաքացիական գործով հայցի ապահովման միջոց ձեռնարկելու մասին դատական ակտի կատարման խոչընդոտում։

Փաստաբանները պնդում են, որ քաղաքացիական գործով դատական ակտն ինքնին միջամտում է Եկեղեցու ներքին գործերին և ինքնավարությանը, իսկ քրեական հետապնդումը «չէր կարող հարուցվել» և այժմ պետք է դադարեցվի՝ դեռևս նախնական դատալսումների փուլում։

Հայտարարությունում գործը կապվում է նաև իշխանությունների և Հայ Առաքելական Եկեղեցու միջև ավելի լայն հակամարտության հետ։ Փաստաբանական թիմը մատնանշում է դպրոցական ծրագրերից «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի հեռացումը, բանակից և քրեակատարողական հիմնարկներից հոգևորականների հեռացումը, Եկեղեցու կառավարման և պատարագի շուրջ միջամտությունները, ինչպես նաև հոգևորականների նկատմամբ հարուցված քրեական գործերը։

«Մեր գնահատմամբ՝ սա պետական արշավ է՝ աշխարհասփյուռ համայնքներ ունեցող անկախ կրոնական հաստատության նկատմամբ վերահսկողություն հաստատելու և նրա ղեկավարությանը պետական իշխանության լծակների, ահաբեկման ու հրապարակային նվաստացման միջոցով հեռացնելու նպատակով՝ ոտնահարելով Եկեղեցու ինքնակառավարման իրավունքը», — ասվում է հայտարարությունում։

Փաստաբանական թիմը նաև հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական թիմի հրապարակային հարձակումների թիրախում են ինչպես Գարեգին Բ-ն, այնպես էլ Հայ Առաքելական Եկեղեցու ինքնակառավարման համակարգը։

«Սա հարձակում է կրոնական ազատության դեմ», — նշվում է հայտարարությունում՝ միջազգային հանրությանը կոչ անելով հրապարակային արձագանքել և ապահովել դատավարության անկախ դիտարկում։

Փաստաբանները շեշտել են, որ միջազգային հանրությանը չեն կոչում կողմ զբաղեցնել Հայաստանի ներքաղաքական հարցերում, այլ պահանջում են տեղի ունեցողը գնահատել «կրոնական ազատության և իրավունքի գերակայության տեսանկյունից»։

Ամբողջական հայտարարությունը կարող եք կարդալ փաստաբան Արա Զոհրաբյանի Facebook-ի էջում։