Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 23-ին Նյու Յորքի «Թուրքական տանը» հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում։ Հանդիպումն անցկացվել է փակ դռների հետևում։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ կողմերը քննարկել են Հայաստան-Թուրքիա «կարգավորման» գործընթացը և նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը։

Փաշինյանն ու Էրդողանը կարևորել են «կարգավորման» գործընթացի առաջմղումը և պատրաստակամություն հայտնել նոր թափ հաղորդելու երկկողմ հարաբերություններին։ Քննարկվել են նաև առևտրատնտեսական կապերի զարգացումը, Հայաստանի և Թուրքիայի գործարար շրջանակների միջև շփումների ակտիվացումը և Անիի պատմական կամրջի համատեղ վերականգնման աշխատանքները։

Հայաստանն ու Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ չունեն Հայաստանի անկախացումից ի վեր։ Թուրքիան Հայաստանի հետ ցամաքային սահմանը փակել է 1993 թվականին։ Երկու երկրների հատուկ ներկայացուցիչների մասնակցությամբ ներկայիս «կարգավորման» գործընթացը սկսվել է 2021 թվականի վերջին։

2022-ին կողմերը պայմանավորվել են ցամաքային սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների համար, սակայն պայմանավորվածությունը մինչ օրս չի իրականացվել։ Միաժամանակ վերականգնվել են ուղիղ ավիաչվերթները և վերացվել ուղիղ օդային բեռնափոխադրումների սահմանափակումները։

Այս տարվա մայիսին Հայաստանը և Թուրքիան նաև արձանագրություն են ստորագրել Անիի պատմական կամրջի համատեղ վերականգնման վերաբերյալ։

Փաշինյանն ու Էրդողանը «Թուրքական տանը» հանդիպել էին նաև 2024 թվականի սեպտեմբերի 24-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի ընթացքում։ Այդ հանդիպման ժամանակ Էրդողանը Փաշինյանին նվիրել էր իր «Ավելի արդար աշխարհը հնարավոր է» գիրքը։

Փաշինյանը Նյու Յորքում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում։ Նա մասնակցել է Concordia ամենամյա գագաթնաժողովին և նախատեսում է ելույթ ունենալ Գլխավոր ասամբլեայում, ինչպես նաև հանդիպումներ ունենալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի և այլ պաշտոնյաների հետ։