Ադրբեջանի կողմից հայկական քրիստոնեական ժառանգությունը «կովկասյան ալբանական» ներկայացնելու արշավն այլևս չի սահմանափակվում օկուպացված Արցախով և արդեն տարածվում է Հայաստանի տարածքում գտնվող հուշարձանների վրա։

Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» հրապարակել է Գեղարդի վանքի լուսանկարները՝ Հայաստանի կարևորագույն միջնադարյան վանական համալիրներից մեկը ներկայացնելով որպես «Արևմտյան Ադրբեջանի պատմամշակութային ժառանգության» մաս։

Մինչդեռ Գեղարդի հայկական ծագումն ու ինքնությունը մանրամասն փաստագրված են։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն վանքը ներկայացնում է որպես միջնադարյան հայկական վանական ճարտարապետության բացառիկ օրինակ՝ հայկական արձանագրություններով, խաչքարերով և դարերի հայկական քրիստոնեական պատմությամբ։

Սեպտեմբերի 22-ին այդ կեղծ կառույցը հայտարարել է աշխատանքային խմբի ստեղծման մասին, որը զբաղվելու է ներկայիս Հայաստանի տարածքում, իրենց ձևակերպմամբ, «ալբանական քրիստոնեական ժառանգության» ուսումնասիրությամբ։ Խոսքը Սյունիքի, Վայոց ձորի և Սևանա լճի ավազանի եկեղեցիների, վանքերի, մատուռների և խաչքարերի մասին է։

Կառույցը նաև այս աշխատանքը կապել է ներկայիս Հայաստանի նկատմամբ իր ավելի լայն «վերադարձի» օրակարգի պատմական և մշակութային հիմնավորման հետ։

Նույն քարոզչական թեզն արդեն ակտիվորեն կիրառվում է օկուպացված Արցախում։ Այս ամսվա սկզբին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը օտարերկրյա դիվանագետներին Գանձասարն ու Դադիվանքը ներկայացրել էր որպես «հին Կովկասյան Ալբանիայի» հուշարձաններ։

Այսպիսով, այն քաղաքականությունը, որը մինչ այժմ հիմնականում ուղղված էր Արցախի հայկական մշակութային ժառանգության դեմ, այժմ արդեն տարածվում է նաև Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող հայկական հուշարձանների վրա։

Այս զարգացումը նաև հարցեր է առաջացնում Երևանի հռետորաբանության վերաբերյալ։

Սեպտեմբերի 17-ին Նիկոլ Փաշինյանը «Արևմտյան Ադրբեջանի» թեզը անվանել էր լուրջ սպառնալիք Հայաստանի անվտանգությանը և տարածաշրջանային խաղաղությանը։ Սակայն ընդամենը մեկ շաբաթ անց՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթում, նա կրկին շեշտեց Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգը և հայտարարեց, որ պատմության ու պատմամշակութային հուշարձանների շուրջ վեճերը չպետք է ստվերեն երկու երկրների միջև արձանագրված արդյունքները։

Այս հակասությունն անտեսել դժվար է։

Մինչ Փաշինյանն ու իր կառավարությունը շարունակում են խոսել Բաքվի հետ խաղաղության և հարաբերությունների կարգավորման մասին, նույն «Արևմտյան Ադրբեջանի» թեզը, որը հենց իրենք են անվանել անվտանգության սպառնալիք, օկուպացված Արցախից արդեն տեղափոխվում է Հայաստանի տարածք՝ թիրախավորելով երկրի պատմությունն ու մշակութային ժառանգությունը։