Սյունիքի մարզի Շաքի գյուղում ձերբակալվել է ադրբեջանցի զինծառայող։ Նա զինված մտել է գյուղի բնակիչներից մեկի տուն և երեք երեխաների աչքի առաջ հարձակվել կնոջ վրա։

Դեպքից երկու օր առաջ հայկական կողմն արդեն տեղեկացված է եղել, որ ադրբեջանցի զինծառայողը լքել է զորամասը և հնարավոր է՝ ապօրինի անցել Հայաստանի սահմանը։

ՀՀ ԱԱԾ-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը հայտնել է, որ իր զորամասերից մեկի զինծառայողն անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը։ Ադրբեջանական կողմը չի բացառել, որ նա կարող էր անցած լինել Հայաստան։ Դրանից հետո սկսվել են որոնողական աշխատանքներ։

Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14:15-ին, 112-ը ահազանգ է ստացել, որ Շաքի գյուղում ՀՀ քաղաքացի է վիրավորվել։ Ավելի ուշ ԱԱԾ-ն հայտնել է, որ նրան վիրավորել է հենց որոնվող ադրբեջանցի զինծառայողը։ Նա ձերբակալվել է։

Շաքիի վարչական ղեկավար Ռուբեն Մանուչարյանն «Ազատությանը» հայտնել է, որ ադրբեջաներեն խոսող, ինքնաձիգով զինված տղամարդը մտել է տներից մեկը և երեք երեխաների ներկայությամբ վիրավորել նրանց մորը։

Դեռ պարզ չէ՝ կնոջ վրա կրակել են, թե նա այլ կերպ է վիրավորվել։ Մանուչարյանի խոսքով՝ դեպքի վայրում արյան հետքեր են եղել։ Կնոջ կյանքին վտանգ չի սպառնում։

Սակայն հիմնական հարցերը մնում են անպատասխան։ Եթե դեռ սեպտեմբերի 29-ին հայտնի էր, որ ադրբեջանցի զինծառայողը հնարավոր է՝ անցել է Հայաստանի սահմանը, և ԱԱԾ-ի պնդմամբ՝ որոնումներ էին իրականացվում, ինչպե՞ս է նա կարողացել աննկատ հասնել Շաքի, մտնել բնակելի տուն և հարձակվել կնոջ վրա։

ԱԱԾ-ն դեռ չի հայտնել՝ որտեղ և երբ է նա հատել սահմանը, ինչպես է տեղաշարժվել Սյունիքում և ինչու է հայտնաբերվել միայն քաղաքացիական անձի վրա հարձակումից հետո։

Այս հարցերին սահմանային անվտանգության և որոնողական աշխատանքների համար պատասխանատու մարմինները պետք է հստակ պատասխաններ տան։

301-ը շարունակում է հետևել դեպքի զարգացումներին։