Ադրբեջանցի զինծառայող Նասիմի Ռահիմ օղլու Մուսաևը կալանավորվել է երկու ամսով։ Նրա նկատմամբ մեկ օր առաջ հրապարակված մեղադրանքներին դատախազությունը միայն հոկտեմբերի 2-ին ավելացրել է նաև Հայաստանի պետական սահմանն ապօրինի հատելու և հրազենի մաքսանենգության մեղադրանքները։

Մուսաևը մեղադրվում է Սյունիքի Շաքի գյուղում բնակելի տուն ներխուժելու և երեխաների ներկայությամբ հայ կնոջ վրա կրակ բացելու մեջ։ Կինը ծանր վիրավորվել է, իսկ միջադեպի ընթացքում վնասվածքներ են ստացել նաև նրա երեխաներից երկուսը։

ԱԱԾ-ն հնարավոր սահմանախախտի մասին տեղեկացված էր դեռ սեպտեմբերի 29-ին։ Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ զինծառայողը անհայտ հանգամանքներում լքել է զորամասը և չի բացառվում, որ ապօրինի անցել է Հայաստանի սահմանը։ Դրանից հետո, ըստ պաշտոնական հաղորդագրության, որոնողական աշխատանքներ էին սկսվել։

Սակայն հոկտեմբերի 1-ին, երբ Հայաստանի գլխավոր դատախազությունը հրապարակեց Մուսաևի նկատմամբ հարուցված քրեական հետապնդման հիմքերը, պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանք դրանց թվում չկար։ Նրան մեղադրում էին զենքի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, ապօրինի հրազեն ձեռք բերելու և կրելու, ինչպես նաև բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու համար։

Միայն հասարակական լայն արձագանքից և քննադատությունից հետո՝ հոկտեմբերի 2-ին, դատախազությունը հայտարարեց, որ Մուսաևի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել նաև Հայաստանի պետական սահմանն ապօրինի հատելու և հրազենի մաքսանենգության համար։ Նոր մեղադրանքները միացվել են նույն քրեական վարույթին։

Դատարանը Մուսաևի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է կալանքը՝ երկու ամիս ժամկետով։