Հայաստանը առաջին անգամ ընդգրկվել է Եվրոպայի խորհրդի «Մամուլի ազատությունը 2025 թվականին» տարեկան զեկույցում՝ այն երկրների շարքում, որտեղ լրագրողներն ու մեդիա դերակատարները ներկայումս զրկված են ազատությունից։ Զեկույցը հրապարակում է Լրագրողների պաշտպանության և անվտանգության պլատֆորմը, որը վերահսկում է Եվրոպայում մեդիա ազատության դեմ ուղղված լուրջ սպառնալիքները։

Զեկույցում Հայաստանը նշված է այն եվրոպական երկրների թվում, որտեղ ներկայումս բանտարկված լրագրողներ կան․

• Ռուսաստան — 58

• Ադրբեջան — 36

• Բելառուս — 27

• Թուրքիա — 24

• Հայաստան — 2

• Վրաստան — 1

Հայաստանի ընդգրկումը պայմանավորված է ընդդիմադիր երկու փոդքասթերների՝ Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի նախնական կալանքով։

Նրանք ձերբակալվել են իրենց «Imnemnimi» փոդքասթի թողարկումներից մեկի ընթացքում հնչեցրած հայտարարությունների կապակցությամբ, որի հյուրն էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, և որտեղ կոշտ ձևակերպումներ էին հնչել Ալեն Սիմոնյանի հասցեին։ Իշխանությունները քրեական գործ են հարուցել խուլիգանության հոդվածով՝ պնդելով, որ եթերում հնչած առանձին արտահայտություններն ունեն քրեորեն պատժելի բնույթ։

Պաշտպանական կողմը մերժում է մեղադրանքները՝ դրանք որակելով քաղաքական դրդապատճառներով պայմանավորված։ Ըստ նրանց՝ գործը բխում է փոդքասթերների կողմից կառավարության և նրա շրջապատի հասցեին հնչեցվող կոշտ քննադատությունից և նպատակ ունի քրեականացնել պաշտպանված քաղաքական խոսքը։

Մեդիա ազատության պաշտպանությամբ զբաղվող կառույցները հարցականի տակ են դրել խոսքի հետ կապված գործողությունների համար խուլիգանության հոդվածի կիրառման համաչափությունը։ Նշենք, որ վիրավորանքն ու զրպարտությունը Հայաստանում ապաքրեականացվել էին 2010 թվականին, սակայն 2021-ին գործող իշխանությունների նախաձեռնած փոփոխություններով որոշ դեպքերում վիրավորանքի համար քրեական պատասխանատվությունը վերականգնվեց։

Երևանի դատարանը սկզբում ընտրել էր երկու ամսով նախնական կալանք, որը հետագայում երկարաձգվել է ևս երեք ամսով։ Կալանքի երկարաձգումից հետո Սամսոնյանը հայտարարել էր անժամկետ հացադուլ։ Նրա առողջական վիճակը կտրուկ վատթարացել էր, ինչից հետո խափանման միջոցը փոխվել էր տնային կալանքով։ Դատարան նա ներկայանում էր անվասայլակով։

Սա առաջին դեպքն է, երբ եվրոպական մոնիթորինգային կառույցները պաշտոնապես դասակարգում են Հայաստանը որպես մեդիա ներկայացուցիչներին ազատազրկող պետություն, ինչը վկայում է երկրում մամուլի ազատության վերաբերյալ միջազգային գնահատականների էական փոփոխության մասին։