Անգին Մովսիսյան


Հունիսի 7-ի ընտրությունների արդյունքումՓաշինյանի թիմը պահպանել է իշխանությունը, սակայն հաղթանակը չդարձավ քաղաքական լարվածության ավարտ։ Ընդհակառակը՝ ընտրություններից հետո պայքարի տրամաբանությունն ու դրա հռետորաբանությունը շարունակեցին գերիշխել քաղաքական դաշտում։

Տրամաբանորեն ընտրական հաղթանակը պետք է իշխանությանը հնարավորություն տար անցնելու քաղաքական պայքարի փուլից կայունության փուլ։ Սակայն ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանի քաղաքական վարքագիծը ցույց է տալիս հակառակ միտումը․ իշխանությունը շարունակում է գործել այնպես, կարծես գտնվում է ոչ թե կառավարման, այլ գոյապայքարի մեջ։

Հարց է առաջանում․ եթե ժողովուրդը կրկին ընտրել է գործող իշխանությանը, ապա ինչո՞ւ է այդ իշխանությունը շարունակում մնալ պայքարի տրամաբանության մեջ։

Այս հարցի պատասխանը պետք է փնտրել ոչ միայն ընտրությունների արդյունքներում, այլ նաև այն քաղաքական մեթոդներում, որոնցով Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շարունակում է ձևավորել իր հարաբերությունը ժողովրդի և քաղաքական հակառակորդների հետ։

Փաշինյանի քաղաքական խոսքում մշտապես առկա է հակառակորդի/ հակահերոսի կերպարի ձևավորումը։ Եթե նախկինում այդ հակառակորդը նախկին իշխանություններն էին, ապա այսօր քաղաքական պայքարի շրջանակը ընդլայնվել է։ Իշխանությանը այս կամ այն կերպ մեղադրողները հաճախ ներկայացվում են ոչ թե որպես ընդդիմադիրքաղաքական ուժեր, այլ որպես վտանգներ՝ պետականության, խաղաղության կամ երկրի զարգացման համար, այսպիսով պետականությունը հավասարեցնելով մեկ անձին կամ քաղաքական մեկ ուժին։

Սակայն Փաշինյանի քաղաքական հռետորաբանության ամենամեծ խնդիրը ոչ միայն հակառակորդների առկայությունն է, այլ այն, որ այդ «ոճը» հաճախ փոխարինում է իրական քաղաքական հաշվետվողականությանը և շեղում է պատասխանատվությունից։


Ինչո՞ւ է իշխանությունը շարունակում պայքարել նույնիսկ հաղթանակից հետո

Փաշինյանի՝ պայքարի ռեժիմում մնալը կարելի է բացատրել մի քանի պատճառներով։
Առաջինը՝ հակառակորդների դեմ «միակ փրկող ուժի» քաղաքական կերպարի պահպանումը։
Նիկոլ Փաշինյանի քաղաքական կապիտալը մեծ մասամբ ձևավորվել է հակառակորդ նախկինների և այդ ռեժիմի դեմ պայքարի գաղափարի շուրջ, որը ծառայել է որպես վերընտրվելու և լեգիտիմության գործիք։

Երկրորդ պատճառը՝ քաղաքական պատասխանատվության ծանրությունն է և վստահության ճգնաժամը։

Վերջին տարիների քաղաքականության հետևանքով առաջացած իրադարձությունները՝ պատերազմը, Արցախի կորուստը, անվտանգության խնդիրները, իշխանության համար ստեղծել են ծանր քաղաքական բեռ։ Այս պայմաններում իշխանությունը հաճախ շարունակում է գործել ոչ թե վստահության ամրապնդման, այլ պաշտպանության տրամաբանությամբ՝ փորձելով ապացուցել իր քաղաքական իրավացիությունը և ներկայացնել սեփական ուղին որպես միակ հնարավոր տարբերակ։

Երրորդ պատճառը՝ աջակիցների համախմբման անհրաժեշտությունն է։

Քաղաքական պայքարի լեզուն արդյունավետ գործիք է սեփական ընտրազանգվածին ակտիվ պահելու համար։ Երբ քաղաքական դաշտը ներկայացվում է որպես պայքար պետության ապագայի և խաղաղության համար, ցանկացած հակառակ կարծիք կարող է ընկալվել ոչ թե որպես բնական քաղաքական ընդդիմախոսություն, այլ որպես վտանգ։

Հաղթանակ, որը բավարար չէ իրականացնելուհամար Ադրբեջանի պահանջները։


Փաշինյանի ագրեսիվ հռետորաբանության պատճառը ոչ միայն քաղաքական ոճով է պայմանավորված, այլև մանդատների սահմանափակումով։
Չնայած ընտրական հաղթանակին՝ գործող իշխանությունը չի ստացել սահմանադրական մեծամասնություն, որը թույլ կտար առանց ներքին դիմադրության իրականացնել Հայաստանի պետական համակարգի և արտաքին քաղաքական ուղղության համար ամենազգայուն փոփոխությունը՝ փոխել Սահմանադրությունը, որը Ալիևը ներկայացնում է որպես խաղաղությանը հասնելու կարևոր քայլերից մեկը, հետևաբար Փաշինյանի համար քաղաքական պայքարը դեռ չի ավարտվելնույնիսկ ընտրություններից հետո։


Անգին Մովսիսյանը քաղաքական գիտությունների ոլորտի մասնագետ է։ Նա Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի բակալավրի և Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի Քաղաքագիտության մագիստրոսի աստիճաններ ունի։ Նրա մասնագիտական հետաքրքրությունները ներառում են քաղաքական գործընթացները, հանրային քաղաքականությունը, պետական կառավարումը և միջազգային հարաբերությունները։ Նա ներգրավված է եղել Հայաստանի քաղաքական և հանրային քաղաքականության հարցերի վերաբերյալ հետազոտական ու վերլուծական աշխատանքներում։