Հայաստանի Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարանը կցուցադրի իր ամենահազվագյուտ նմուշներից մեկը՝ «Շուրիշկանի Ավետարանը», XV դարի հայկական ձեռագիր, որը վաղուց ի վեր համարվում է հրաշագործ գիրք։
Ավանդազրույցը պատմում է, որ Շուրիշկանի Ավետարանը, որը հայտնի է նաև «Պապ», «Կարմիր» և «Սուրբ Բարսեղ Կեսարացի» անուններով, գրվել է 1498 թվականին Վասպուրականի Քաջբերունի գավառի Ասպիսնակ գյուղում։ Ավետարանի պատվիրատուն եղել է իշխան Թուրուանդը, իսկ գրիչը՝ Բարսեղ քահանան։
1603–1604 թվականների հայերի բռնագաղթի ժամանակ Ավետարանը տեղափոխվում է Պարսկաստանի Փերիա գավառի Շուրիշկան գյուղ՝ Սուրբ Բարսեղ Կեսարացու վանք։ Հնարավոր վտանգներից պաշտպանելու նպատակով Ավետարանը թաղում են հողի մեջ։
Որոշ ժամանակ անց հողատակ թաքստոցից աղբյուր է բխում՝ գոյացնելով լճակ։ Սուրբ գիրքը դուրս է բերվում միայն յոթ տարի անց՝ ըստ ավանդության աստվածային զորությամբ մնալով գրեթե անվնաս։
Երեք ու կես դար անց՝ 1973 թվականին, մեծ ոդիսական ունեցող Շուրիշկանի Ավետարանը հայրենադարձ Մատթեոս Ծառուկյանը նվիրաբերում է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարանին։ Այդպիսով միջնադարյան մշակույթի գանձարանի այս եզակի նմուշից ճառագող լույսն ու զորությունը փոխանցվում են սերնդից սերունդ։
Նույնիսկ Մատենադարանի վերանորոգման տարիներին (2002–2003), երբ թանգարանային մասի դռները փակ էին ուսումնասիրողների և զբոսաշրջիկների համար, հնարավոր բոլոր դեպքերում բացառություն էր արվում Շուրիշկանի Ավետարանի ուխտավորների համար։
Ավանդույթի համաձայն՝ Ավետարանը կրկնազատկի օրերին հանդիսավորությամբ տարվում է Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի։
Խնդրակատար Ավետարանին հաղորդակցվելու և նրա զորությունը ստանալու համար հավատացյալների հասցեն մեկն է՝ Մաշտոցյան Մատենադարան, որտեղ Սուրբ Գիրքը պահվում է հատուկ ցուցափեղկում։