Օլիմպիական չեմպիոն, մոսկվայի «Սպարտակի» լավագույն ռմբարկու և խորհրդային ֆուտբոլի կարևորագույն դեմքերից մեկը՝ Նիկիտա Սիմոնյանը, հեռացել է կյանքից 99 տարեկան հասակում:
Լուրը հայտնել է Ռուսաստանի ֆուտբոլի վետերանների միության նախագահ Ալեքսանդր Միրզոյանը:
Միրզոյանի խոսքով՝ նոյեմբերի 20-ին Սիմոնյանը վատ է զգացել իրեն և հոսպիտալացվել է: Այսօր նա հեռացել է կյանքից:
Սիմոնյանն այն մարդն է, առանց որի անհնար է պատկերացնել մոսկվայի «Սպարտակի», երևանյան «Արարատի» և ընդհանրապես խորհրդային ֆուտբոլի պատմությունը: Նրա ներդրումը սպորտի զարգացման գործում ունի հիմնարար բնույթ:
1926 թվականին Արմավիրում ծնված Սիմոնյանը իր կարիերան սկսել է Սուխումիում, իսկ 1940-ականների վերջերին արդեն կայացել էր որպես «Կռիլյա Սովետովի» գլխավոր հարձակվող։ Հետագայում նա միացավ մոսկովյան «Սպարտակին», որտեղ անցկացրեց ավելի քան 230 խաղ և խփեց 133 գոլ։ Սիմոնյանը վեց անգամ դարձավ ԽՍՀՄ չեմպիոն և հինգ անգամ նվաճեց երկրի գավաթը՝ ինչպես խաղացողի, այնպես էլ մարզչի կարգավիճակով։
ԽՍՀՄ հավաքականի կազմում Սիմոնյանը անցկացրել է 20 խաղ, խփել 10 գոլ, 1956 թվականին դարձել է Օլիմպիական խաղերի չեմպիոն և եղել թիմի ավագը 1958 թվականի աշխարհի առաջնությունում:
Մարզչական կարիերայում նա «Սպարտակին» և երևանյան «Արարատին» հասցրել է հնչեղ հաղթանակների: Առանձնահատուկ տեղ է գրավում «Արարատի» 1973 թվականի «ոսկե դուբլը»՝ ԽՍՀՄ առաջնության և գավաթի նվաճումը, որոնք մտել են հայկական սպորտի պատմության մեջ:
Մարզչական կարիերան ավարտելուց հետո Սիմոնյանը տասնյակ տարիներ զբաղեցրել է ղեկավար պաշտոններ Ռուսաստանի ֆուտբոլային միությունում՝ մնալով հեղինակավոր և հարգված դեմք մի քանի սերնդի խաղացողների համար:
Վերջերս Նիկիտա Պավլովիչը արժանացել էր Ռուսաստանի Դաշնության Աշխատանքի Հերոսի բարձր կոչմանը՝ գնահատելով նրա բացառիկ ներդրումը հայրենական սպորտի զարգացման մեջ։
Նրա մահը մեծ կորուստ է ողջ ֆուտբոլային աշխարհի համար: