Թուրքիայի Հաթայի նահանգի Չորք-Մարզվան շրջանի Օզերլի թաղամասում պահպանվել են հայկական պատմական եկեղեցու ավերակներ, որոնք տարիներ շարունակ մնացել են անուշադրության և քայքայման պայմաններում։ Ենթադրվում է, որ խոսքը 1877 թվականին կառուցված Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մասին է, հայտնում է Ermenihaber.am-ը։

Թեև կառույցի պաշտոնական անվանումը դեռ վերջնականապես հստակեցված չէ, Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքարանի արձանագրությունները հիմք են տալիս ենթադրելու, որ այն հենց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին է։

19-րդ դարի վերջին Օզերլին հիմնականում հայաբնակ բնակավայր էր։ Պատմական աղբյուրների համաձայն՝ գյուղի շուրջ 300 տներից 250-ում բնակվել են հայկական, իսկ 50-ում՝ մուսուլման ընտանիքներ։ Գյուղում գործել են եկեղեցի, դպրոց, շուկա և այլ հասարակական կառույցներ։

Այսօր եկեղեցու շենքը գտնվում է անմխիթար վիճակում։ Տանիքը փլուզվել է և հետագայում ծածկվել ինքնաշեն փայտե կառուցվածքով ու կղմինդրով, պատուհանները փակվել են բետոնե բլոկներով, իսկ գլխավոր մուտքի պատմական արձանագրությունը հեռացվել է։

Տարիներ շարունակ կառույցն օգտագործվել է որպես ախոռ և այծերի ապաստարան, ինչի հետևանքով պատմական շենքը լրջորեն վնասվել է։ Պատերը ներկված ու քայքայված են, իսկ տանիքի մնացած հատվածները շարունակում են փլուզվել։

Եկեղեցու պահպանության հիմնական խոչընդոտներից մեկը դրա սեփականության և իրավական կարգավիճակի անորոշությունն է։ Կադաստրային գրանցումներում այն նշված է ոչ թե որպես պատմական կամ կրոնական կառույց, այլ որպես «ավերակ շենք և հողատարածք»։

Թուրքիայում մշակութային արժեքների պահպանության օրենսդրության համաձայն՝ մասնավոր սեփականություն հանդիսացող, սակայն որպես հուշարձան չգրանցված կամ գրանցման գործընթացը փակուղի մտած նման կառույցները կարող են փաստացի դուրս մնալ պետական պահպանությունից։ Խոչընդոտներից են օտարման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների սահմանափակությունը և մասնավոր սեփականության իրավունքի հետ կապված իրավական սահմանափակումները։ Միևնույն ժամանակ տեղական ինքնակառավարման մարմինները ևս չեն կարող սեփական նախաձեռնությամբ իրականացնել կառույցի վերականգնումը։

Այս պայմաններում Չորք-Մարզվանի Օզերլի թաղամասի հայկական եկեղեցին շարունակում է քայքայվել՝ մնալով տարածաշրջանի երբեմնի հայկական ներկայության պահպանված վկայություններից մեկը և կանգնելով ամբողջական կորստի վտանգի առաջ։