Արցախի հանրային խորհուրդը դատապարտել է Ադրբեջանում հավատարմագրված դիվանագետների մասնակցությունը Հիքմեթ Հաջիևի կազմակերպած այցին օկուպացված Արցախ՝ հայտարարելով, որ նրանց ներկայությունը փաստացի նպաստում է Ադրբեջանի քարոզչական օրակարգի լեգիտիմացմանը։
Խորհրդի հայտարարության մեջ նշվում է, որ դիվանագետները շրջել են Արցախի պատմական և մշակութային վայրերով՝ առանց հրապարակային քննադատական հարցադրումների, իսկ որոշ դեպքերում մասնակցել են ադրբեջանական կողմի ներկայացրած քարոզչական դրվագներին։
«Ինչպե՞ս է նման մասնակցությունը համադրվում Արցախի էթնիկ զտումը և Ադրբեջանի ագրեսիան դատապարտող այն հայտարարությունների ու բանաձևերի հետ, որոնք ընդունվել են այցին մասնակցած դեսպաններին ներկայացնող մի շարք երկրներում», ասվում է հայտարարության մեջ։
Արցախի հանրային խորհուրդը հատկապես անդրադարձել է Գանձասարին, Դադիվանքին, Ստեփանակերտին, Շուշիին և Քարվաճառին՝ շեշտելով, որ դրանց հայկական ինքնությունը հաստատվում է պատմական արձանագրություններով, փաստաթղթերով և նյութական ժառանգությամբ։
Խորհրդի գնահատմամբ՝ Ադրբեջանը հետևողականորեն փորձում է ջնջել Արցախի հայկական պատմամշակութային հետքը՝ հայկական եկեղեցիներն ու հուշարձանները ներկայացնելով որպես «աղվանական» և վերաշարադրելով տարածաշրջանի պատմությունը։
Հայտարարության մեջ հիշատակվում են նաև դեպքեր, երբ թանգարանային վերարտադրությունները ներկայացվել են որպես պատմական «ապացույց»։ Խորհուրդը զգուշացնում է, որ դիվանագետների լուռ ներկայությունը նման ներկայացումների ժամանակ վտանգավոր նախադեպ է ստեղծում մշակութային ժառանգության յուրացման և պատմության կեղծման համար։
Արցախի հանրային խորհուրդը միջազգային կառույցներից պահանջել է հստակ գնահատական և պատշաճ արձագանք։