Ադրբեջանը հայտարարել է, որ Արցախի հայկական Դադիվանք վանական համալիրից տեղափոխված որմնանկարներն ու խաչքարերը 2025 թվականի հոկտեմբերին ներառվել են Ինտերպոլի «Գողացված արվեստի գործեր» տվյալների բազայում։ Բաքուն նաև հայտարարել է, որ եթե դրանք հայտնաբերվեն արտերկրում, կպահանջի վերադարձնել Ադրբեջանին։

Ադրբեջանի մշակութային ժառանգության պահպանության, զարգացման և վերականգնման պետական ծառայության ղեկավար Սաբինա Հաջիևան հայերին մեղադրել է Դադիվանքը «թալանելու» մեջ՝ Քարվաճառից հեռանալուց առաջ։ Նրա պնդմամբ՝ վանքից Հայաստան են տեղափոխվել խաչեր, զանգեր և եկեղեցական այլ առարկաներ, իսկ որոշ որմնանկարներ հանվել են պատերից։ Հաջիևան նշել է, որ որմնանկարների և խաչքարերի վերաբերյալ տվյալները Ինտերպոլի բազայում գրանցվել են 2025 թվականի հոկտեմբերի 9-ին։

Դադիվանքը Արցախի կարևորագույն միջնադարյան հայկական վանական համալիրներից է։ Վանքի գլխավոր եկեղեցին կառուցվել է 1214 թվականին իշխանուհի Արզու Խաթունի կողմից և ունի ընդարձակ հայերեն արձանագրություն։ Համալիրում պահպանվել են նաև բազմաթիվ այլ հայկական արձանագրություններ, որմնանկարներ և խաչքարեր։

2020 թվականի Արցախյան պատերազմից հետո կնքված նոյեմբերի 9-ի համաձայնագրով հայ բնակչությունը ստիպված էր հեռանալ Քարվաճառից։ Մինչև տարածքի հանձնումը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտնել էր, որ Դադիվանքի մի շարք նշանավոր խաչքարեր տեղափոխվել են՝ դրանք պահպանելու նպատակով։

Հայ հոգևորականները, սակայն, ռուս խաղաղապահների ներկայությամբ շարունակել են ծառայել Դադիվանքում մինչև 2023 թվականի սեպտեմբերը։ Սեպտեմբերի 24-ին վանքի վերջին հայ վանահայրը մատուցել է վերջին պատարագը, որից հետո, Արցախի հայ բնակչության բռնի տեղահանման պայմաններում, ստիպված է եղել լքել վանքը։

Այժմ Ադրբեջանը տեղափոխված մշակութային արժեքները ներկայացնում է որպես «գողացված» և դրանց վերադարձի համար հղում անում Ինտերպոլին։ Սակայն որևէ առարկայի հայտնվելը Ինտերպոլի «Գողացված արվեստի գործեր» տվյալների բազայում ինքնին չի հաստատում սեփականության իրավունքը և չի հանդիսանում անկախ ապացույց, որ տվյալ առարկան գողացվել է։ Տվյալները բազա են ներկայացվում պետությունների համապատասխան մարմինների և այլ լիազորված կառույցների կողմից։

Այս հայտարարությունները հնչում են այն ֆոնին, երբ Ադրբեջանը շարունակում է Դադիվանքի հայկական ինքնությունը ժխտելու և վանքը որպես «Կովկասյան ալբանական» ժառանգություն ներկայացնելու փորձերը։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը վերջերս Դադիվանքի և Գանձասարի վերաբերյալ նման պնդումները բնորոշել էր որպես «ակնհայտ կեղծարարություն» և հարձակում հայկական պատմական հիշողության ու հոգևոր ժառանգության դեմ։