Ադրբեջանը շարունակում է ընդլայնել և ամրացնել Հայաստանի ինքնիշխան տարածքում՝ Սյունիքի մարզի Սև լճի մերձակայքում տեղակայված իր ռազմական դիրքերը։ Այս մասին են վկայում լրագրող Դավիթ Գալստյանի ուսումնասիրած արբանյակային լուսանկարները։

Հոկտեմբերի 31-ին «Sputnik Արմենիա»-ում հրապարակված հետաքննության մեջ Գալստյանը համեմատել է 2024 թվականի հուլիսի և 2026 թվականի սեպտեմբերի «Sentinel-2» արբանյակային լուսանկարները։ Դրանցում երևում են նոր գրունտային ճանապարհներ, լայնացված ճանապարհահատվածներ, հարթեցված տարածքներ, նոր կառույցներ և ռազմական դիրքերի ամրացմանն ուղղված ինժեներական աշխատանքներ։

Ըստ ուսումնասիրության՝ ադրբեջանական դիրքերը գտնվում են Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների ներսում։ Դրանց տեղակայումը ՀՀ տարածքում հաստատվում է նաև ԽՍՀՄ Զինված ուժերի գլխավոր շտաբի 1975 թվականի քարտեզներով։ Արբանյակային լուսանկարների համեմատությունը ցույց է տվել, որ որոշ հատվածներում շինարարական և ամրաշինական աշխատանքներ են իրականացվել դեռևս 2024-2025 թվականներին։

Ավելի վաղ՝ հոկտեմբերին, Գալստյանը հրապարակել էր մեկ այլ հետաքննություն, որով բացահայտել էր ադրբեջանական ռազմական դիրքերի ընդլայնումը Ջերմուկի մերձակայքում։ Լրագրողն արձանագրել է նաև Հայաստանի Սյունիքի և Տավուշի մարզերում տեղակայված ադրբեջանական դիրքերի ամրացման նոր աշխատանքներ։

Ուշագրավ է, որ այդ աշխատանքները շարունակվել են նաև Տավուշում խորհրդային շրջանի քարտեզների հիման վրա հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացի մեկնարկից և 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից հետո։

Այսպիսով, մինչ Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են սահմանազատման գործընթացն ու դիվանագիտական բանակցությունները, արբանյակային լուսանկարները փաստում են, որ Ադրբեջանը շարունակում է ամրապնդել իր ռազմական ներկայությունը Հայաստանի ինքնիշխան տարածքում։

Ընդլայնման ամբողջական ծավալը դեռևս պարզ չէ։ Հետաքննության մեջ ներկայացված են այն հիմնական հատվածները, որտեղ արբանյակային լուսանկարներով հնարավոր է եղել արձանագրել փոփոխությունները։