Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը օտարերկրյա դիվանագետներին Գանձասարի վանքում ցուցադրել է թանգարանային վերարտադրության դատարկ էջերը՝ դրանք ներկայացնելով որպես հայկական պատմական «կեղծարարության» ենթադրյալ ապացույց։ Մինչդեռ դեռ 2025 թվականին Մատենադարանը պաշտոնապես պարզաբանել էր, որ այդ էջերը միտումնավոր էին դատարկ թողնվել։

Օկուպացված Արցախ օտարերկրյա պատվիրակության այցի ընթացքում Հաջիևն այդ հատորն օգտագործել է՝ առաջ մղելու Ադրբեջանի այն պնդումը, թե հայկական Գանձասարի վանքը «աղվանական» է։ Տեսանյութում երևում է, որ պատվիրակության որոշ անդամներ ծիծաղում են, մինչ նա ցուցադրում է դատարկ էջերը։

Սակայն այդ հատորը երբեք բնօրինակ ձեռագիր չի եղել։

2025 թվականին, 301-ի խմբագրության հարցումից հետո, Մատենադարանը հայտնել էր, որ Գանձասարի թանգարանում ցուցադրված գրքերը բարձրորակ վերարտադրություններ էին, որոնք պատրաստվել էին հատուկ թանգարանային ցուցադրության համար։

Յուրաքանչյուր ձեռագրից ցուցադրության նպատակով վերարտադրվել էր ընդամենը երկու էջ, իսկ մնացած էջերը միտումնավոր դատարկ էին թողնվել։ Բնօրինակ ձեռագրերը երբեք չեն տեղափոխվել Գանձասար և մշտապես պահվել են Երևանի Մատենադարանում։

Մատենադարանը կտրականապես հերքել էր այն պնդումները, թե դատարկ էջերը կարող են վկայել կեղծիքի մասին՝ նման մեղադրանքները որակելով անհիմն և հայկական մշակութային ժառանգությունը վարկաբեկելու արշավի մաս։

Մեկ տարի անց Հաջիևը նույնատիպ թանգարանային վերարտադրությունը կրկին ներկայացնում է օտարերկրյա դիվանագետներին որպես հայկական պատմության «կեղծարարության» ապացույց։

Սա տեղի է ունենում Ադրբեջանի շարունակվող արշավի ֆոնին, որի շրջանակում Գանձասարը և օկուպացված Արցախի մյուս հայկական քրիստոնեական հուշարձանները փորձ է արվում ներկայացնել որպես այսպես կոչված «կովկասյան աղվանական» ժառանգություն։

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Հաջիևի վերջին հայտարարություններին առայժմ հրապարակային չի արձագանքել։