Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությունները, որոնցով նա օկուպացված Արցախում գտնվող Գանձասարի և Դադիվանքի վանական համալիրների հայկական պատկանելիությունը ժխտել և դրանք ներկայացրել է որպես աղվանական ժառանգություն։

Մայր Աթոռի հայտարարության համաձայն՝ Հաջիևի՝ վանական համալիրներ կատարած վերջին այցի ընթացքում հնչեցրած պնդումները պատմական իրողությունների «բացահայտ կեղծարարություն» են և ոտնձգություն հայ ժողովրդի պատմական հիշողության ու հոգևոր ժառանգության նկատմամբ։

Մայր Աթոռը նշել է, որ այցը Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության հերթական դրսևորումն է, որի նպատակն է մոլորեցնել միջազգային հանրությանը և խեղաթյուրել Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության ինքնությունը։

Հայտարարությունում առանձնահատուկ մտահոգություն է հայտնվել Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետների և միջազգային կառույցների ներկայացուցիչների մասնակցության կապակցությամբ։ Մայր Աթոռը նրանց կոչ է արել պատշաճ գնահատական տալ հայկական սրբավայրերի ինքնության խեղաթյուրմանը և իրենց մասնակցությամբ չնպաստել հայկական պատմական ժառանգության յուրացման քաղաքականության արդարացմանը։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նաև հիշեցրել է, որ Արցախի բռնի հայաթափումից հետո Ադրբեջանի իշխանությունները վարում են հայկական պատմական հուշարձանների յուրացման, սրբավայրերի, խաչքարերի և գերեզմանոցների ոչնչացման, ինչպես նաև դրանց հայկական ինքնությունը փաստող վկայությունների վերացման քաղաքականություն։

Մայր Աթոռը ՀՀ իշխանություններին կոչ է արել պատշաճ գնահատական տալ Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ շարունակվող ոտնձգություններին և գործուն քայլեր ձեռնարկել դրանց կանխման ուղղությամբ։

Միաժամանակ կոչ է ուղղվել բարեկամ պետություններին և միջազգային կառույցներին՝ գործադրել անհրաժեշտ ջանքեր օկուպացված Արցախում հայկական քրիստոնեական հնագույն ժառանգության հետագա ոչնչացումն ու յուրացումը կանխելու համար։